Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի մամուլի ասուլիսը: Ողջունելով լրագրողներին, Ա. Խզմալյանը նշել է, որ սա իր առաջին մամուլի ասուլիսն է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում և հավելել, որ լրագրողներին կներկայացնի նախադեպը չունեցող նոր նախագծերը, որոնք մեծ հեռանակարներ ունեն ոլորտի կարգավորման առումով: «Ինչպե՞ս անել, որ դրամաշնորհների տրամադրման՝ մրցութային պայմաններում պետությունը, այնուամենայնիվ, կարողանա իրականացնել իր քաղաքականությունը»,- Ա. Խզմալյանն իր իսկ հարցադրմանը պատասխանել է, որ խնդիրների լուծման համար ընտրվել են հստակ ուղիներ: «Անհրաժեշտ է այնպիսի պայմաններ դնել դրամաշնորհների տրամադրման կարգի մեջ, որոնք ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար, քանի որ մինչ այժմ գործող դրամաշնորհային պայմանների արդյունքում հաճախ դիմում են պատահական կազմակերպություններ, ոչ հեռանկարային նախագծեր, ինչպես նաև այնպիսի ծրագրեր, որոնց ազդեցությունը հանրային կյանքի բարելավման առումով տևական չեն: Ես համոզված եմ՝ ճիշտ մշակութային քաղաքականության և բյուջետավորման պայմաններում մենք կարող ենք եղած սուղ ռեսուրսները շատ ավելի արդյունավետ օգտագործել, քան օգտագործել ենք առ այսօր: Անհրաժեշտ է բեռնաթափել մշակույթի սիրողական-սոցիալական գործառույթը և արժեք ներկայացնող արտադրանքը դուրս բերել միջազգային շուկա»,- նշել է նախարարի տեղակալը և հավելել, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհրապարակվեն դրամաշնորհների տրամադրման նոր պայմանները:
Ա. Խզմալյանի պնդմամբ՝ խոսել մշակույթի մասին և շրջանցել կրթությունը հնարավոր չէ, ինչպես նաև հակառակը:
«Դրամաշնորհային պայմաններում մենք առաջնահերթություն ենք տալու բոլոր այն նախագծերին, որտեղ շատ հստակ է կրթական բաղադրիչը: Դա արդեն որոշակի չափանիշ է՝ լուրջ մոտենալու այդ հայտին: Առհասարակ, դրամաշնորհային նախագծերի մեջ շատ խիստ է դրվելու այն հարցը, թե ինչ տևական ազդեցություն է ունենալու ծրագիրը՝ երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման տեսակետից: Սրանք լինելու են հարցեր, որոնք կարևոր են հայտի ընտրության համար»,- եզրափակել է Ա. Խզմալյանը, անդրադարձել նաև մարզային այցելություններ համագործակցության ձևաչափի մշակմանը, «Դասարան+դասական» ծրագրին, «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովին, «Մեկենաս» ալմանախ , «Օկտավա» և այլ նախագծերին: